Այո՛, այսօր մենք ապրում ենք գողացված ուրախության, գողացված պատվի և գողացված կենսագրության ժամանակներում, և այսօր խոսելու եմ մեր անելիքների մասին.
1. Մայիս ամսից անընդհատ լսում ենք, որ շարժումը մարել է կամ մարում է՝ ոմանց մոտ ուրախություն առաջացնելով, իսկ ոմանց մոտ էլ՝ կասկածներ և տագնապ։
Ցանկանում եմ հստակ, մեկ անգամ ևս ու ընդմիշտ արձանագրել՝ այս շարժումը նո՛ր է սկսում, և եթե ոմանց համար սա քաղաքական գործ է, ինձ համար սա ԿՅԱՆՔ է։ Եվ այս նյարդերի պատերազմում հաղթելու է նա, ով աննահանջ է, համառ է և համբերատար է, ով պատրաստ է զոհաբերության և զրկանքների, որովհետև սա ճշմարտության համար պայքար է և ոչ ոք, ոչինչ չի կարող մեզ, ինձ բաժանել այս հավատքից։
Եվ երանի՜ նրանց, ովքեր քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան։
2․ ՀՀ գործող վարչախմբի կողմից սահմանադրական կարգն ու պետության հիմքերը քայքայող գործողությունները պետք է համարժեք արձագանք ստանան, և մենք կոչված ենք վերականգնելու սահմանադրական կարգը մեր երկրում։ Հայաստանը պետք է լեգիտիմ իշխանություն ունենա, որը հանդես կգա երկրի ազգային և պետական շահերի դիրքերից։
3․ Պետք է ձևավորել նոր իշխանություն, որը կձևավորվի ըստ արժանիքների՝ դառնալով «ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈԼՈՐ ՈՒՆԱԿՆԵՐԻ» կառավարություն։
4․ Պետք է վերացվեն այս իշխանության կողմից հանրության ներսում ստեղծված պետության և հասարակության դիմադրողականությունը քայքայող բաժանարար գծերը։
Մենք կարող ենք և կոչված ենք վերականգնելու ներազգային համերաշխությունը՝ ներառելով Սփյուռքի մեր ներուժը, բացառելով անընդունելի բարքերի և համակարգերի վերադարձը, վերածվելով բարոյական հասարակության, որտեղ մեր որդիները հավասար կլինեն օրենքի և մահվան առջև, որտեղ մարդու արժեքը կգնահատվի ոչ թե ինչ ունենալով կամ ում ճանաչելով, այլ իր՝ ով լինելով։
5․ Մենք պետք է դառնանք երկարաժամկետ և կայուն խաղաղության դրոշակակիրը։
Մենք կարող ենք և պետք է կառուցենք այդ ճանապարհը։
Ե՛վ կարող ենք, և՛ պետք է պատրաստ լինենք պաշտպանելու մեր արդար և իրական իրավունքը, որից էլ կբխի արդար և իրական խաղաղությունը։
6․ Այս գերլարված տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը կարելի է վերադարձնել իրական բանակցություններով, արցախյան հիմնախնդիրը միջազգային քննարկումների օրակարգ բերելով, Արցախի ժողովրդի՝ հավաքական կերպով, անվտանգ և արժանապատիվ սեփական բնօրրան վերադառնալու իրավունքը վերականգնելով, Ադրբեջանում պահվող մեր գերիներին ու պատանդված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը տուն վերադարձնելով, ադրբեջանական զինուժին ՀՀ տարածքից դուրս մղելով։
7․ ՀՀ-ն պետք է հրաժարվի «հակա»-ներով արտաքին քաղաքականությունից, վերադառնա կանխատեսելի և վստահելի գործընկերոջ կարգավիճակին՝ արտաքին հարաբերությունները կառուցելով ուժային կենտրոնների համադրման և ոչ թե հակադրման, դաշնակցային և գործընկերական կապերի խորացման, փոխգործակցության նոր հեռանկարներ սահմանելու միջոցով՝ առանցքում ունենալով միայն և միայն Հայաստանի պետության շահը և հայկական օրակարգը։
8․ Վաղվա Հայաստանում պիտի գործի «այլևս երբեք»-ի սկզբունքը՝ որպես համակարգ, որպես մտածողություն և գործողությունների ուղենիշ՝ ներառելով ներքին և արտաքին անվտանգությունը, արդյունավետ քաղաքական, կրթական, մշակութային, սոցիալ-տնտեսական համակարգերն ու ինստիտուտները։
9․ Մենք պե՛տք է և կարո՛ղ ենք մեր հաստատակամությամբ մեր հասարակությանը ազատագրել պարտության ճիրաններից։ Պարտված մարդը և հասարակությունն այս չարիքի իշխանության և թշնամու երազանքն են։ Մենք միմյանց ձեռք բռնած մեր հասարակությունը պիտի դուրս բերենք պարտվածի հոգեբանությունից և զոհի հոգեվիճակից։
Եվ մեր պայքարն ու շարժումը հենց այդ առաքելությունն է իրականացրել և շարունակում է իրականացնել։
Այսօր գրվում է մեր ժողովրդի և պետության պատմությունը։
Դժբախտաբար, այս իշխանության «շնորհիվ» այդ պատմությունը գրվում է Բաքվում և այլ մայրաքաղաքներում։ Մեր պայքարի առանցքային ուղերձն է՝ և ես ապագայից եմ նայում մեր այսօրվան, որ մեր պատմությունը պետք է գրվի Հայոց մայրաքաղաքում՝ Երևանում, հենց այս պատճառով է մեր պայքարը Սրբազան, հենց դա է մեր ուժը և կարողությունը։
Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՖԲ էջից